Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դդմիկի 15 առողջարար հատկանիշները. դեղատոմսեր

Դդմիկի 15 առողջարար հատկանիշները. դեղատոմսեր

Դդմիկի քիմիական բաղադրությունը

 

Դդմիկի 100 գ պտղի էներգետիկ արժեքը 24 կկալ է: Նույն քանակի հումքը պարունակում է 0.3 գ ջուր, 0.4 գ մոխիր, 0.6 գ սպիտակուց, 0.3 գ ճարպեր, 5.6 գ ածխաջրեր: Հարյուր գրամ հում դդմիկի պտղամիսը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզայի՝ 1 օրվա պահանջարկի 10.7% -ի չափով, ֆրուկտոզա՝ 3.9%, բջջանք եւ պեկտին՝ 5-ական %, օմեգա-3 չհագեցված ճարպաթթու՝ 6% : Պուրիններ՝ 6.7%: Թրթնջուկաթթու՝ թույլատրվող առավելագույն քանակի 5.5% - ի սահմաններում:

Դդմիկի պտղամիսը պարունակում է աչքերի ցանցաթաղանթն ու տեսողությունը պաշտպանող կարոտինոիդ լյուտեին ու դրա իզոմերը հանդիսացող զեոքսանտին՝ 34.5%, նաեւ բետա կարոտին՝ 4%, վիտամին C՝ 19%: B խմբի վիտամիններ. թիամին՝ 3%, ռիբոֆլավին՝ 5%, նիկոտինաթթու եւ պանտոտենաթթու՝ 3 - ական %, պիրիդոքսին՝ 7%, ֆոլիաթթու՝ 5 %, քոլին՝ 18%, բիոտին՝ 1% : Վիտամին K` 3.6%, E-ալֆատոկոֆերոլ՝ 1%:

Մակրոտարրեր: Սիլիցիում՝ 100%, կալիում՝11%, ֆոսֆոր՝ 5%, մագնեզիում՝ 4%, կալցիում՝ 3%, նատրիում՝0.3%, ծծումբ ու քլոր՝ 0%:

Միկրոտարրեր: Բոր՝ 27.4%, ռուբիդիում՝ 22%, վանադիում՝ 15.5%, կոբալտ՝ 11 %, մանգանեղ՝ 10% , պղինձ՝ 5% , նիկել՝ 4.7% , մոլիբդեն՝ 3.7% , երկաթ՝ 3.5% , ցինկ՝ 2.7%, քրոմ՝ 1.8% , սելեն, ֆտոր, յոդ, այլ:

Հասունացած դդմիկի պտղասերմի միջուկը պարունակում է մոտ 50 % ճարպ, հարուստ է փրփրանյութերով:

Ա. Դդմիկն ու հատկապես դրանից ստացված հյութը, բնական հեղուկ է, որի մեջ լուծված օգտակար հյութերը հեշտությամբ են յուրացվում:


Բ. Դդմիկի մեջ կալիումը մոտ 150 անգամ շատ է նատրիումից, որի շնորհիվ հեռացվում են ներքին՝ աննկատ ու արտաքին այտուցները:


Գ. Դդմիկն այն մթերքներից է,որը կարելի է ուտել ամեն օր՝ հում, կիսահում, եփած վիճակում, ունի ցածր կալորիականություն, սակայն արագ է հագեցնում քաղցը: Հրաշալի դիետիկ ուտեստ է նիհարել ցանկացող մարդկանց համար:


Դ.  Հում պտղամիսը նպաստում է ստամոքսահյութի արտազատմանը, իսկ եփվածն օգտակար է ստամոքսի բարձր թթվայնության, բորբոքման ու խոցի պարագայում:


Ե.  Տիբեթի իմաստունները կարծում են որ կարելի է ուտել օրը մինչեւ 1.5 կգ դդմիկ, ինչի շնորհիվ կակտիվանա աղիների շարժող ուժն ու կկանխարգելվի գիրացումը:


Զ.  Կարոտինոիդներն ու ասկորբինաթթուն ամրացնում են օրգանիզմը, չեզոքացնում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը, կանխարգելում են վաղաժամ ծերացումը:


Է.  Դդմիկի 100 գ պտղամսում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ սիլիցիումի 100 % -ը: Սիլիցիումը պարզապես անհրաժեշտ է կանանց միոմայի դեպքում:


Ը.  Դդմիկը իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, նպաստում է խաղողաշաքարի յուրացմանը:


Թ.  Պարունակում է ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր:


Ժ.  Դդմիկը արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի:


Ի.  Կարգավորում է մագնիումի, ֆոսֆորի ու կալցիումի փոխանակումն օրգանիզմում, որի շնորհիվ տրոհվում ու հեռացվում են վնասակար նստվածքները: Կերեք արթրիտների դեպքում:


Լ.  Օգտակար է լյարդին, նպաստում է լեղու արտազատմանը:


Խ.  Հյութը սպիտակեցնում ու երիտասարդացնում է մաշկը:


Ծ.  Ծաղիկն ունի հակաալերգիկ, նյարդերը հանգստացնող հատկություն:


Կ.  Սերմը պարունակում է մոտ 50 % ճարպ, մեծ քանակությամբ օմեգա -3 չհագեցված ճարպաթթուներ, բջիջների թաղանթը պաշտպանող լեցիտին:


Դեղատոմսեր դդմիկով. Այտուցներ: Ընտրեք թարմ, նոր հասունացող 20-25 սմ երկարության պտուղը, շոգեխաշեք կեղեւի հետ միասին, կերեք օրը 100 գ առանց համեմելու կամ կերեք օրը 15-25 հատ չբոված սերմ:


Զարկերակային բարձր ճնշում, այտուցվածություն: Խմեք դդմիկի թարմ հյութ՝ 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո:


Երիկամների հիվանդություններ, ցիստիտ: Խմեք դդմիկի թարմ հյութ՝ 70-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:


Հոդատապ,, օստեոխոնդրոզ, ճարպակալում: Կերեք դդմիկի թարմ քերուկը՝ առաջին օրը 1-ական ճ. գ.՝ 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Յուրաքանչյուր հաջորդ օրը ավելացրեք 1-ական ճ. գ.՝ 10-րդ օրից կերեք 10-ական ճ. գ. ( մոտ 100 գ), օրը 2 անգամ:


Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսի , ենթաստամոքսային գեղձի բորբոքումներ: Կերեք շոգեխաշած դդմիկի պտղամիսը՝ առաջին օրը 1-ական ճ. գ.՝ 3 անգամ, ուտելուց անմիջապես առաջ: Աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը՝ մինչեւ 50 գ ՝ օրը 3 անգամ:


Շագանակագեղձի բորբոքում: Հասունացած դդմիկի սերմը տրորեք, 100 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Հումքը մզեք ու ստացված հեղուկը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:


Նեւրոզ, նյարդային լարվածություն, անքնություն: Փոշիացրեք հասունացած դդմիկի չբոված, չոր սերմի միջուկը: 1 ճ. գ. հումքը լցրեք 50 մլ ջրի մեջ, խառնեք ու խմեք ուտելուց 15 րոպե առաջ՝ օրը 3 անգամ:


Ալերգիա, մաշկային հիվանդություններ: Դդմիկի 2 ճ. գ. թարմ կամ 1 ճ. գ. չորացրած ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: ,


Հեպատիտներ, խոլեցիստիտ: Դդմիկը մանրացրեք, 100 գ հումքը լցրեք 200 մլ եռացող կաթի մեջ, 2-3 րոպե եփեք: Կերեք օրվա ընթացքում: Նույն կերպ եփեք 100 գ գազարի ու դդմիկի (1 :1 ) խառնուրդը:


Շաքարային դիաբետ: Վերոգրյալ բոլոր դեղատոմսերի օգտագործման դեպքում նվազում է շաքարի պարունակությունը արյան մեջ:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Տապակած դդմիկը հակացուցված է աթերոսկլերոզի, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի բորբոքումների դեպքում: Դդմիկի հում պտղամիսը խորհուրդ չի տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության պարագայում՝ ստամոքսաբորբի, պանկրեատատի, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցի դեպքում:


Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kladovayalesa.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ